Ընտրակաշառքի դեմ ոստիկանությունը լինելու է ավելի խիստ և անզիջում:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկելու ենք, որ ընտրակաշառքներ չլինեն, դրա վառ ապացույցը՝ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրությունները։ Ոստիկանությունն էլ ավելի խիստ է լինելու: Ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ,  զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ, թե՛ կաշառք տվողի, թե՛ վերցնողի: Կապ չունի գումարային է լինելու այն, թե առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Օսիպյանը։

Հարցին, թե ոստիկանությունն արդեն տեղեկություններ ունի՞ ընտրակաշառքի կամ ուղղորդումների մասին, Օսիպյանը նշեց, որ իրենք գիտեն, թե ով կարող է այդ ամենով զբաղվել և նրանց պահում են տեսադաշտում։

Ճշտող հարցին, թե արդեն ունե՞ն տեսադաշտում քաղաքական ուժերի, Ոստիկանապետը պատասխանեց. «Մենք ամեն ինչ էլ ունենք, տեսադաշտում բոլորը կան, նրանց, ովքեր կարող են թույլ տալ նման խախտում, մենք պահում ենք տեսադաշտում»։