2019 թվականին, պայմանավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացմամբ, կրկին թանկացումներ են սպասվում։ Նման թանկացումների հայ հասարկությունը բախվեց նաև այս տարվա տարեսկզբին։ Ինչպես գիտենք, թանկացումներին հասարակությունը դրական չի արձագանքում, իսկ այժմ՝ մասնավորապես՝ հեղափոխությունից հետո, երբ մարդկանց ակնկալիքները ոչ թե թանկացումները, այլ՝ հակառակը՝ էժանացումն է, սա ընդունվեց ոչ միանշանակ։ Սպասվող թանկացումների թեմայի շրջանակներում ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեցտնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ, որը նշեց, որ Հարկային օրենսդրության  փոփոխություններով նախատեսվում է հարկային դրույքաչափի բարձրացում, որպեսզի բալանսավորվի բյուջետային մուտքերի կորուստները, որը, մասնավորապես, վերաբերվում է սպիրտային, ալկոհոլային խմիչքներին և ծխախոտին։

«Ակցիազային հարկի դրույքաչափերը 2019 թվականի հուլիսի1-ից սկսած՝ առաջանցիկ տեմպերով բարձրացվելու են՝ և՛ ծխախոտինը, և՛ ալկոհոլային խմիչքներինը։ Հիմա մեկ լիտր 100 տոկոսանոց սպիրտն արժե 3500 դրամ, որը նախատեսվում է դարձնել 6000 դրամ։ Նաև գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափն է բարձրանալու»,-ասաց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով՝ նման խնդիրներն առավել խորքային են և պետք չէ իշխանությունների դեմ ուղղել, չնայած որ՝ չի կարող չլինել քաղաքական կոնտեքստ։ Այդուհանդերձ, տնտեսագետը կարծում է, որ նման ռազմավարությունը վերցված է քաղաքակիրթ պետություններից․ «Այլ երկրներում միջին որակի ծխախոտի տուփն արժե մինչև 10 դոլար, Հայաստանում այն շատ ավելի էժան է՝ մինչև 2 դոլար։ Քաղաքակիրթ պետություններն անցել են այդ փուլերով տասնամյակներ շարունակ, բյուջետային խնդիրները լուծել են մարդկանց  այն խմբերի հաշվին, որոնք անառողջ սովորույթներ են ունեցել, որոշ չափով էլ բարի միտումներ ունենալով։ Դա ինստիտուցիոնալ խնդիր է»։

Դիտարկմանը, որ սա գուցե արվում է մարդկանց հնարավորինս զերծ պահելու վնասակար նյու­թեր պարունակող արտադրատեսակներից՝ Մարգարյանը նկատեց․ «Դա հարակից բարի նպատակ է, բայց իշխանության համար, իհարկե, առաջնահերթ է բյուջեն բալանսավորելը, այսինքն՝ այո՛, կարող են ասել՝ մենք շատ ծախսեր ենք կատարում առողջապահության ոլորտի վրա, որովհետև մարդիկ չարաշահում են ծխախոտը, ալկոհոլը։ Կա այդպիսի բան, բայց ինչպես ասում են՝ բոլոր բարի նպատակներն անցնում են դժոխքի միջով»,- ասաց Մարգարյանը։

Հարցին՝ հնարավոր վնասակար սովորույթները կկանխվե՞ն գների բարձրացմամբ՝ տնտեսագետը նշեց, որ հասարակությունը բաղկացած է տարբեր խմբերից, որոնց մեջ կան և՛ ծխողներ, և՛ չծխողներ, և՛ ալկոհոլ օգտագործողներ և չօգտագործողներ։ «Այտեղ կա մարդկանց վերաբերմունքի հարց․ ծխողի համար ծխախոտը բարիք է, և նա չի էլ հրաժարվի, չծխողի համար՝ ընդհակառակը»։

Ինչ վերաբերվում է այլ մթերքների թանկացմանը, տնտեսագետը կարծիք հայտնեց, որ այլ թանկացումների հիմքեր չի տեսնում․ «Ընդհակառակը՝ նոր իշխանության քաղաքականության համատեքստն այն է, որ պետք է ընթանա հակակոռուպցիոն, հակաստվերային պայքար, իսկ կոռուպցիան նախկինում նստել է գների վրա, ճնշել է»։

Մարգարյանը նաև հայտնեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից՝ 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաների, այսինքն՝ շքեղ, հզոր մեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափը կեռապատկվի՝ մեկ ձիաուժի համար 50 դրամից դառնալով 150 դրամ։

Արմինե Արմենակյան