Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական բուհերի և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ՝ շեշտելով, որ սա պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ունեցած ելույթում: «Մենք այսօր նայում ենք, թե կրթության վրա որքան գումար ենք ծախսում: Մենք բյուջեով նայում ենք, որ կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում մենք ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենք իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Մենք ունենք մի իրավիճակ, որ ուսանողը բուհն ավարտում է, գնում է որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, ասում են դե այդ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում: Ասում են դու պետք է գաս մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, մենք քեզ դիպլոմ կտանք ու այն ժամանակ կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ այն թեմային, թե այս կողմերից ով է ճիշտ»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իր համար էական է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում չպետք է լինի: «Օրինակ, կարող է պարզվել, որ մի տեղ գերատեսչական բուհն ավելի հզոր բազա ունի, այդ դեպքում այդ գերատեսչական բուհն ուղղակի պետք է վերցնել, տանել ու դնել բուհական համակարգի մեջ: Մեխանիկական գործողությունները, երևի, այդտեղ այդքան էլ ճիշտ չէ, բայց մենք պետք է կոնսոլիդացնենք գիտությունը, կրթությունը, հետազոտությունը: Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քա՞նի տոկոս է ռեֆերատ գրում: Քաղաքի կենտրոնում՝ երիտասարդական մետրոյի մերձակայքում քայլում ես, տեսնում ես, որ ավելի շատ ռեֆերատ վաճառող կա, քան ծխախոտ վաճառող: Եվ մենք ամեն օր քայլում ենք դրա կողքով, մեղմ ժպտալով, կարծես, դա մեզ չի առնչվում: Բայց ո՞նց չի առնչվում: Հենց դա է առնչվում, քայքայումն այդտեղից է սկսվում»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև հայաստանյան բուհերի միջազգայնացումը: «Մենք պետք է սկսենք այլ երկրներից ուսանողներ բերել մեր երկրում ուսանելու: Մենք պետք է այսպիսի չափանիշներ սահմանենք: Սա առաջինն հերթի մեզ նոր նշաձող դնելու հնարավորություն է տալիս: Դա նաև մեր կրթական, բուհական համակարգը ճգնաժամից հանելու հնարավորություն է տալիս»,- ընդգծեց Փաշինյանը: