«Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը կանադահայ Արտո Թավուկչիյանին վաճառվել է իբրև Մինաս Ավետիսյանի վրձնի գործ։ Թավուկչիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իմ երազանքն էր ունենալ Մինասի նկարներից, սակայն, ցավոք՝ հանդիպեցի մի խարդախի, որի անունն ու նկարը շուտով կհրապարակեմ»։ 
 
Կանադահայը հանդիպել է Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանին, վերջինս 1 ամիս առաջ ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ կտավը Մինասի գործը չէ՝ կեղծ է։ Մինչդեռ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մշակութաբանական արժեքների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը համաձայն չէ՝ 2016թ․ իրենց կենտրոնի փորձաքննության արդյունքներով՝ կտավը Մինասինն է։ Նրա պնդմամբ՝ դա անգամ հաստատել է հանճարեղ նկարչի ընտանիքը և անձամբ՝ որդին։
 
Այս ամենից հետո խաբված գնորդն իրավական գործընթաց է սկսել։ ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում, տուժողի փաստաբան Հովհաննես Չամսարյանը նշեց՝ միանշանակ ասել, որ ստեղծված իրավիճակը կոռուպցիոն դրսևորում է, իհարկե, հնարավոր չէ․ «Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության մեջ տեղ գտած վերլուծություններից պարզ է դառնում, որ Մինաս Ավետիսյանի վրձնին վերագրվող նկարը այն աստիճան ակնհայտ կեղծ է, որ մասնագիտական անզեն աչքը պարզ ուսումնասիրության արդյունքում կարող է հայտնաբերել մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը բացառում է տվյալ նկարի՝ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանելը»,- նշեց Չամսարյանը՝ ընդգծելով, որ փորձագետները վստահեցնում են՝ նշված նկարը երբևէ ցուցադրված չի եղել որևէ տեղ, այն հայտնի չի եղել որպես Մինաս Ավետիսյանի ստեղծագործություն։
 
Նկատենք, որ ակնհայտ են որոշակի հակասություններ՝ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ինչպես նաև վերջինիս կողմից հղում կատարվող վարպետի ընտանիքի անդամների խոսքերում։ Արդյո՞ք տուժող կողմը հարցը քննարկել է վաճառողի և Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամների հետ հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ կանադահայ Արտո Թավուկչիյանը փորձել է հանդիպել նկարչի որդու հետ, սակայն վերջինս չի ցանկացել հանդիպել և այդ հարցով որևէ քննարկում ունենալ գնորդի հետ։ Նշվածի արդյունքում Արտո Թավուկչիյանի մոտ ձևավորվել է կարծիք, որ ամենայն հավանականությամբ՝ առկա են կոռուպցիոն դրսևորումներ, որոնց մասնակից կարող են հանդիսանալ և՛ վաճառողը, և՛ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, և՛ նկարչի հարազատները։
 
Հետաքրքրվեցինք՝ հայտնի՞ է կտավը վաճառողի անունը, թե՝ ոչ.
 
«Այն պահից սկսած, երբ նկարի համար վճարված գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը ներկայացվել է դատարան, այդ տեղեկատվությունը հանդիսանում է բաց տեղեկատվություն և այն հրապարակված է դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում»,- պարզաբանեց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։
 
Նշենք, որ Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանի գնահատմամբ՝ Մինաս Ավետիսյանին վերագրված կտավի արժեքը 20-25 000 դոլար է։
 
Սոնա Հարությունյան