«Երկիր Ծիրանի» կուսակցության շարքերը վերջերս լքած Մարինա Խաչատրյանը որոշել է ԲՀԿ ցուցակով մասնակցել խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրություններին Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում: 

ԼՈՒՐԵՐ.com-ը Խաչատրյանի հետ զրուցել է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվելու, առաջնահերթ խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Տիկի՛ն Խաչատրյան, ինչո՞ւ որոշեցիք ԲՀԿ-ի կազմով առաջադրվել խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրություններին:

-Հանդիպում ունեցա պարոն Ծառուկյանի հետ, և ծանոթացա նրա այն ծրագրերի հետ, որոնք պատրաստվում է իրականացնել ՀՀ-ում և որոնք լուրջ տնտեսական ներդրումային ծրագրեր են: Անկեղծ ասած, շատ տպավորված էի Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքով առ հայրենիք: Նա հսկայածավալ աշխատանքներ է կատարել, ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր, ինչի խնդիրն էլ Հայաստանում միշտ կա: Մենք պետք է ուշադրություն սևեռենք ոչ թե խոստումների, այլ կատարած աշխատանքների վրա, և ըստ դրա էլ ընտրողը պետք է որոշի՝ իրատեսակա՞ն են ծրագրերը, թե՞՝ ոչ: 

-Անդամագրվե՞լ եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

-Ո՚չ, չեմ անդամագրվել, ես անկուսակցական եմ, սակայն լիովին սատարում եմ ԲՀԿ-ին և պարոն Ծառուկյանի  ներկայացրած ծրագրերին: 

-ԲՀԿ-ի կազմով առաջադրվելու ցանկությունը ձե՞րն էր, թե՞ կուսակցությանը:

-Կոնկրետ առաջարկ և կոնկրետ պատասխան չի եղել: Նախաձեռնությունը եղել է երկկողմանի, քանի որ քննարկել ենք և հասկացել մեր անելիքները:

-Իսկ ո՞ր խնդիրներն են Ձեզ համար առաջնահերթ:

- Լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ առաջնահերթությունը տալու եմ առողջապահության ոլորտինը, որն առանձին գործել չի կարող, քանի որ կապված է բոլոր ոլորտների հետ: Մեր երկրում զարգացնելով տնտեսական համակարգը՝ խթանելու ենք առողջապահության ոլորտի զարգացմանը: Կարծում եմ՝ միայն խնդիրների մասին խոսել պետք չէ, այլ պետք է տալ նաև դրանց լուծումները, ինչը շատերին հասանելի չէ: 

Հաջորդ խնդիրը էկոլոգիական աղետն է այն երեք վարչական շրջաններում, որտեղ առաջադրվել եմ: Ցավով եմ նշում, որ Հայաստանն այսօր ուռուցքային հիվանդություններով առաջին հորիզոնականում է, պատճառը միանշանակ էկոլոգիան է՝ կեղտոտ օդը, սնունդը, ջուրը և այլն: Սրանք ևս մտնում են առողջապահության ոլորտի մեջ: Կա նաև ճանապարհների խնդիր և պետք է զբաղվել նաև ճանապարհաշինությամբ:

-Տիկի՛ն Խաչատրյան, նախօրոք տեղյա՞կ էիք, որ «Երկիր Ծիրանին» չի մասնակցելու ընտրություններին, դրա համար որոշեցիք այլ ուժի միջոցով մասնակցել, թե՞ այլ խնդիր կա:

-Կուսակցությունից դուրս գալու պատճառը եղել են սկզբունքներն ու մոտեցումները: Ես գտնում եմ, որ հարցերը լուծելու համար պետք է բանակցել մարդու հետ, այլ ոչ թե կոնֆլիկտով առաջնորդվել: Զուտ այդ ամենն են եղել իմ  դուրս գալու պատճառները: Ես գերադասում եմ լինել անկեղծ և ազնիվ իմ ժողովրդի հետ, թաքուն ոչինչ անել չեմ պատրաստվում: Ովքեր ինձ այդպես կընդունեն, շատ լավ է, ովքեր չեն ընդունի՝ կրկին  կհարգեմ իրենց որոշումը: Ես սկսում եմ կյանքի նոր էջ, և ցանկանում եմ, որ այդ էջը սպիտակ լինի: 

-Երևանի քաղաքապետարանի հայտնի միջադեպի ժամանակ Գոռ Վարդանյանը ուժ էր կիրառել Ձեր նկատմամբ, իսկ ահա վերջերս Դուք նրա կողմից արժանացաք Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչմանը և նշեցիք, որ իրականում Վարդանյանը Ձեզ պաշտպանել է, ոչ թե բռնի ուժ կիրառել, մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում: 

-Նախ նշեմ, որ «փրկել» բառը, ինչպես որ շրջանառվում է, ես չեմ ասել, ես ասել եմ, որ նա պաշտպանել է ինձ: Այդ պահին գուցե կոպտորեն ինձ բռնեց և դուրս հանեց նախասրահից, բայց ես հետո նայելով համացանցում առկա տեսանյութերը, հասկացա, որ դա միակ ճիշտ լուծումն էր այդ պահին, որպեսզի այդ թեժ մթնոլորտը հանդարտվի:

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի