Պաշտոնն առաջին հերթին մեծ բեռ եւ պատասխանատվություն է: Իմ պաշտոնավարման հետ կապված որեւէ արտառոց երեւույթ չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցին:

«Ես ավելի քան քսան տարի է անընդմեջ աշխատում են պետական կառավարման համակարգում: Ինստիտուտը ավարտելուց հետո անմիջապես անցել եմ աշխատանքի պետական համակարգում: Գործունեությունս սկսել եմ զրոյից՝ փորձաշրջանից, հերթականությամբ անցել եմ պետական կառավարման համակարգի տարբեր պաշտոններով: Աշխատել եմ տնտեսության տարբեր ոլորտներում, նաեւ զուգահեռաբար միջազգային ֆինանսական կազմակերպություններում՝ զբաղվելով գիտական աշխատանքով: Երբեք պաշտոնից կառչած չեմ եղել»,- ասաց Շաբոյանը: Նա նշեց՝ համաձայն Սահմանադրության, վարչապետը կարող է ցանկացած պահի նոր թեկնածու առաջադրել իր պաշտոնի համար. «Այսինքն, Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է Հանձնաժողովի նոր կազմ նշանակվի: Այս բոլոր տարիների ընթացքում ես սրտացավորեն եմ կատարել իմ աշխատանքը, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ գործին: Ասելիքս այն է, որ պետական պաշտոնը դա մեծ բեռ եւ լուրջ պատասխանատվություն է: Այնպես որ, ես կարող եմ շատ հանգիստ իմ տեղը զիջել նոր թեկնածուին: Հավելեմ նաեւ, որ մենք շարունակում ենք նույն ակտիվությամբ եւ բարեխղճորեն կատարել մեր աշխատանքը»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: