Երևանի ավագանու վերջին ընտրություններից անցել է ուղիղ երկու ամիս: Ասել, որ այս ընթացքում ընտրություններում ձայների շուրջ 80 տոկոսով հաղթանակ տարած թիմը և ընտրված քաղաքապետը, մեղմ ասած, ոչնչով աչքի չեն ընկել, կնշանակի ոչինչ չասել: «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամները, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նախընտրական շրջանում երևանցիներին խոստումներ շռայլելու հարցում, ընտրվելուց հետո նորից մտել են ընտրական գործընթացների մեջ՝ հիմա էլ ԱԺ –ում են ցանկանում հայտնվել և հիմա էլ խոստումներ են շռայլում արդեն «Իմ Քայլը» դաշինքի մեկ այլ նախընտրական ցուցակում՝ շատ արագ մոռանալով, որ երևանցիների առաջ քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել: Ինչևէ, սա խոսում է ընդամենը քաղաքական ուժի մաս կազմող անհատների և ինչու ոչ՝ նաև ուժի անլրջության մասին:

Ինչ վերաբերվում է քաղաքապետ Հայկ Մարությանին, պետք է նշել, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում չենք կարող քննադատության տակ առնել նրա կատարած այս կամ այն քայլը, այն պարզ պատճառով, որ իր բոլոր քիչ թե շատ գործնական քայլերը Մարությանը կատարեց նախընտրական շրջանում՝ իր համակիրների թափորի ուղեկցությամբ՝ քայլելով մայրաքաղաքի մի թաղամասից մյուսը: Ընտրվելուց հետո Մարությանը ապացուցեց, որ դերասանական տաղանդը հաճախ պետք է գալիս նաև քաղաքական գործընթացներում, հատկապես՝ հնչեցրած խոստումների տակից հմտորեն դուրս գալու հարցում: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքապետարանը չի էլ պատրաստվում զբաղվել չարաբաստիկ կարմիր գծերի վերացմամբ, իսկ խոստումները, թե Երևանում այլևս չի գրանցվի հողատարածքների ապօրինի բռնազավթում, մնացին գեղեցիկ բաժակաճառերի մակարդակում: Սոցիալական ցանցերում արդեն իսկ շրջանառվում են քաղաքապետին ուղղված բաց-նամակներ, որտեղ քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարության թույլտվություններ տրամադրելու մասին: Քաղաքապետարանը, իհարկե, փորձեց ակտիվ աշխատանքի իմիտացիա անել՝ մի շաբաթում քանդելով տասնյակի հասնող, իրենց գնահատմամբ՝ ապօրինի շինություններ: Սակայն շինությունների սեփականատերերի կողմից դատական քաշքուքներում ներքաշվելուց հետո քաղաքապետարանի էնտուզիազմը զգալիորեն նվազեց:  

Մարությանը և իր թիմը որոշեցին ցույց տալ, որ ոչ միայն քանդել են կարողանում, այլ նաև կառուցել և շենացնել: Այսպես՝ քաղաքապետը ներկա եղավ և մեծ շուքով բացեց Երևանում առաջին Սմարթ այգին: Միայն թե՝ Մարությանը մոռացել էր նշել, որ այգու կառուցման ծրագիրը հաստատվել և կառուցվել է նախորդ քաղաքապետի օրոք, իսկ ինքը միայն կարմիր ժապավենն է կտրում: Հասկանալով, որ ոչ քանդելն է ստացվում, ոչ կառուցելը՝ քաղաքապետը որոշեց մարդամեջ դուրս գալ և մեկ անգամ ևս հիշեցնել, որ հպարտ քաղաքացիները «մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն»: Մասնավորապես՝ օրեր առաջ տեսախցիկը ֆիքսել էր քաղաքապետին շարքային մահկանացու քաղաքացիների հետ նույն հերթի մեջ կանգնած՝ Մարությանը եկել էր գույքահարկը վճարելու, մոռանալով, որ դա կարելի է անել նաև օնլայն տարբերակով՝ առանց սրտաճմլիկ պաթոսի: Շատ պատահական կերպով քաղաքապետին ուղեկցում էր օպերատորը, ենթադրում ենք, որ նա էլ էր եկել հարկային պարտավորությունները կատարելու, սակայն էլ ինչ օպերատոր, եթե մշտապես տեսախցիկը քո հետ չէ և տեսնելով Մարությանին պարզապես չէր կարող չկատարել իր մասնագիտական պարտականությունները՝ քաղաքապետի հերոսությունը հասցնելով նաև մեզ բոլորիս: 

Ի դեպ, եթե իրավիճակը իրապես փոխված լիներ, ապա Մարությանի հերթում հայտնվելը նման անառողջ աժիոտաժ չէր առաջացնի: Բոլոր ժողովրդավարական երկրներում (իսկ մենք մեզ այդպիսին ենք համարում) պաշտոնյաները նույն միս ու արյունից կազմված քաղաքացիներն են, որոնց հայտնվելը հասարակական վայրում հասարակ քաղաքացու կարգավիճակում ընկալվում է իբրև սովորական երևույթ: Անխնա և, ինչն ավելի կարևոր է, անորակ փիառվելու փոխարեն քաղաքապետը և իր թիմը լավ կանեն զբաղվեն երևանցիներին տված խոստումները կատարելով: Դիմացը ձմեռ է, բնակֆոնդի խնդիրը մնում է ամենասուրը, քաղաքում 10 բալանոց խցանումները դարձել են երևանցիների առօրյայի անբաժան մի մասը: Եթե «Իմ Քայլի» քաղաքական թիմը անգամ մայրաքաղաքի մասշտաբով ի վիճակի չէ լուծել օրվա խնդիրները, ի՞նչ սպասել համապետական ընտրություններից հետո…

 

Ստելլա Խաչատրյան