Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարում բնապահպաններն ու բնակիչները այս պահին ժամանակավոր հաղթանակ են տանում․ աշխատանքները դադարեցվել են։ Սակայն, ինչպես գիտենք, Հայաստանի տնտեսության զարգացման ճյուղերից մեկը հանքարդյունաբերությունն է, և դրանով է պայմանավորված, որ Ամուլսարի աշխատանքների դադարեցումից հետո կտրուկ նվազել են ներդրումները, և հենց դա էլ ենթադրությունների տեղիք է տալիս, որ նոր կառավարությունը հնարավոր է համաձայնությունը տա ծրագիրը շարունակելու։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք հանքարդյունաբերության աղետալի հետևանքների մասին՝ բնությունից մինչև մարդ, և հենց դրա համար է, որ արդեն տևական ժամանակ է մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը։

Հանքի հետագա ճակատագիրը դեռևս սպասման ռեժիմում է, իսկ վերջնական ինչպիսի որոշում կկայացնի նոր կառավարությունը՝ հայտնի կլինի միայն առաջիկա Խորհրդարանական ընտրություններից հետո։Պետք է նշենք, որ կարծես՝ սպասողական ռեժիմում է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը, և եթե նախկինում բողոքի հակընդդեմ ակցիաներ էր իրակացնում, ճանապարհ էր փակում, ապա այժմ պարզապես ընկերությունը լուռ է։ Պարզելու՝ ինչով է պայմանավորված այդ լռությունը և ինչ է պատրաստվում անել՝ ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում է ուղարկել «Լիդիան Արմենիա» ընկերություն, որից ստացված պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Լիդիանը Ամուլսարի իրավիճակի շուրջ մշտապես տեղեկատվություն է տրամադրել հաղորդագրությունների, հարցազրույցների և ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով: Կառավարության հետ դիրքորոշումը նույնպես հստակ է. մենք աջակցում ենք կառավարության կողմից նախաձեռնած ստուգումներն ու հետազոտությունները, բայց Լիդիանը պետք է հնարավորություն ունենա շարունակել շինարարական աշխատանքները այս ընթացքում: Լիդիանը մեկ տասնամյակից ավելի իրականացրել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործունեություն և մենք վստահ ենք, որ Ամուլսարը կդառնա Հայաստանում բնապահպանական տեսնակյունից արդյունավետ հանքարդյունաբերության լավագույն օրինակելի մոդելը: Սակայն այս պահին, մենք ապօրինի կերպով զրկված ենք աշխատելու իրավունքից»:

 

Ընկերությունը կարծես լիահույս է, որ հանքը կշահագործվի, սակայն պետք է նկատենք, որ միջազգային փորձագետնեը այնքան էլ  համաձայն չեն ընկերության լավատեսական մեկնաբանություններին։ 

«Լիդիան Արմենիա»-ին ուղարկված հարցման մեջ նաև ներառել էինք հարց՝ արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, թե ընկերությունը պատրաստվում է վաճառել հանքը այլ ընկերության, սակայն մեր հարցի պատասխան այդպես էլ մենք չենք ստացել, չնայած որ ժխտում ևս չի եղել․ 

«Ընկերության այս պահի առաջնային նպատակը մեր բաժնետերերի շահերի պաշտպանությունն է, որոնք տարիներ շարունակ ահռելի ներդրումներ են իրականացրել Հայաստանում: Մենք հույս ունենք, որ դա հնարավոր կլինի իրականացնել Ամուլսարում շինարարական աշխատանքների անմիջական վերսկսման դեպքում: Ամուլսարում ճանապարհների ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում և այս հանգամանքը ընկերությանը, նրա բաժնետերերին և վարկատուներին անվերականգնելի վնասներ է հասցրել: Ստեղծված իրավիճակում, ընկերությունը կարող է ստիպված լինել դիմել հասանելի ամենատարբեր այլընտրանքային լուծումների»,- ասված է ընկերության պատասխանում:

Ի՞նչ է սա նշանակում, եթե խոսքը գնում է այլընտրանքային լուծումների մասին գուցե ընկերությունը հենց  ի նկատի ունի վաճառքը մեկ այլ ընկերության, գուցե այնպիսին, որ հնարավոր չլինի չշահագործել հանքը, բայց և այնպես փաստ է, որ ստեղծված վիճակն ընկերության համար հսկայական ֆինանսական հետևանքներ է առաջացրել և վերջնական թե այլընտրանքային լուծումը շատ չի ուշանա։

Աշխարհագրագետ, ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ առաջնային և կարևոր է  Ամուլսարի խնդրի համար պայքարը, քանի որ հանքը դեռևս չի շահագործվում և վնասներ դեռևս չկան։

«Ջերմուկի ժողովուրդը իր իրավունք է իրացնում, քանի որ նախորդ կառավարությունը որոշում կայացնելիս չի լսել Ջերմուկ քաղաքի բնակիչների ձայնը։ Ջերմուկցիների համար առավել կարևոր է իր միջավայրի պահպանությունը, առողջարանային քաղաքի պահպանումը, քան 10 տարով հանքի շահագործումը կամ 700 աշխատատեղը»,- նշեց աշխարհագրագետը։

Վերջինս նաև նկատեց, որ այդ տարածքում պարզապես անթույլատրելի է որևէ մետաղական հանքի շահագործումը՝ հաշվի առնելով Ջերմուկի համաշարհային բուժական հանգստավայր լինելու առանձնահատկությունը։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ին  դեռևս նախորդ կառավարության կողմից՝ 2014թ.-ին, տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:

Արմինե Արմենակյան