ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:

Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո:

Բյութի օկրուգի շերիֆ Քորի Հոնեայի տվյալներով՝ իշխանությունները կարծում են, որ նահանգի հյուսիսում մոլեգնած հրդեհի ընթացքում զոհվել Է 88 մարդ: Նոյեմբերի 26-ին նոր մարմիններ չեն գտնվել: Դրա հետ մեկտեղ իշխանությունները շարունակում են որոնումները եւ փորձում են պարզել, թե ինչ Է պատահել նրանց հետ, ովքեր նշված են կորածների ցուցակներում: Ըստ վերջին գնահատումների՝ նոյեմբերի 8-ին Բյութի օկրուգում սկսված հրդեհի պատճառով ոչնչացել Է ավելի քան 13 հազար տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: