Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալային օրերս մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծն առաջ տանելու մեջ:

«Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում՝ հայտնի հունգարացի հրեա Սորոսը»,-ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերի ֆինանսավորումը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Էրդողանի այս քայլը անկախ հայացքների տեր մարդկանց նկատմամբ ճնշում գործադրել է, և այդ մարդկանց թվում է Քավալային, ով նաև աչքի է ընկնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ոլորտում:

«Ինչ վերաբերում է Սորոսին, ապա նա ոչ մի դեր չի խաղում, պարզապես Էրդողանի համար անընդունելկի է, որ իր երկրում կան սեփական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք ֆինանսավորվում են դրսից՝ կլինի դա Սորոսը, թե մեկ այլ մարդ: Սորոսի բաց ՀԿ-ները գործում են աշխարհով մեկ և նրա դերը Թուրքիայում այնքան էլ առանցքային չէ, որքան որ ներկայացվում է»,-մանրամասնեց թուրքագետը: 

Մեր այն դիտարկմանը, որ Ջորջ Սորոսի հանդեպ նույն բացասական վերաբերմունքը կա Հայաստանում, բայց ոչ թե իշխանության, այլ հասարակության կողմից, և նշվում է, որ հենց Սորոսն է ֆինանսավորվել ՀՀ ապրիլյան հեղափոխությունը, կա՞ արդյոք որևէ վտանգ նրա կողմից, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Սորոսը մեծահարուստ է և բաց հասարակական ինստիտուտներ է ստեղծում ամբողջ աշխարհում ու դրանք տարբեր երկրներում օգտագործում է ժողովրդավարական փոփոխությունների համար: Բայց Հայաստանի մասով, կարծում եմ, որ նա միայն ուրախ կլիներ, եթե իմանար, որ իր անվան հետ է կապվում այս հեղափոխությունը: Սորոսը Հայաստանի համար վտանգ չի կարող ներկայացնել, նրա նման մարդիկ միայն կարող են նպաստել երկրների ժողովրդավարական բարեփոխումներին»:

Իսկ ինչ վերաբերում է այլասերվածության քարոզին, թուրքագետը նկատեց, որ Սորոսի մասով դա հավանական է. «Ջորջ Սորոսի՝ աշխարհով մեկ տարածված ՀԿ-ների առաջարկած արժեհամակարգերը ընդունելի չեն շատ տեղերում: Յուրաքանչյուր հասարակություն ունի իր պատմությունն ու արժեհամակարգը. օրինակ՝ մեզ մոտ ԼԳԲՏ համայնքի մարդիկ խորթ են և բնական է, որ մեր հասարակությունը պետք է պայքարի այն գաղափարների դեմ, որոնք Սորոսի ՀԿ-ներն են տարածում»: 

Արմինե Միքայելյան