Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսե՞լ ա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Ո՛չ չեն ասել»:

Այս առիթով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

«Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել' թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել' թեև կարող էր: Այս երկու իրողությունները արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը:

Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ' ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել: Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է: Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա:»