Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկն այնքան էլ հաջող չի տրվել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ «Իմ քայլը» դաշինքի անդամների քարոզչական պաստառներն ակտիվորեն վերացվում են դեռևս անհայտ մարդկանց կողմից: 

Մասնավորապես, Արմավիրի մարզում շեշտը դրված է Ռազմիկ Տոնոյանի, ինչպես նաև Արգիշտի Մեխակյանի վրա: Վերջիններիս պաստառները թե՛ գյուղերում են ոչնչացվում, և թե՛ քաղաքներում: «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռազմիկ Տոնոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ արդեն իրենց վերահսկողությունից դուրս է այս խնդիրը:

«Սիստեմատիկ կերպով պատռում են քարոզչական պաստառներս ու դեռ չեմ կարողանում հասկանալ, թե սա ում ձեռքի գործն է: Հույս ունեմ, որ ոստիկանությունն իր վերահսկողության տակ կառնի սա, քանի որ մեր ժամանակը շատ սուղ է պաստառները պատռողներին գտնելու համար»,- մանրամասնեց Ռազմիկ Տոնոյանը:

Տոնոյանի խոսքով՝ նրանք այս պահին հավելյալ պաստառներ են փակցնում և փորձում են քարոզարշավի բնականոն ընթացքը պահպանել: 

Նույն վիճակը, մի քիչ ավելի մեղմ տարբերակով՝ Արգիշտի Մեխակյանի մոտ է: Մեխակյանի շտաբի պետ Վիտալի Մանգասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաշատ պատռված պաստառները Զվարթնոցում, Էջմիածնում և Խորոնք, Առատաշեն, Արտիմետ գյուղերում են:

«Մենք որոշ կասկածներ ունենք, թե ովքեր են պատռողները, առաջիկայում ապացույցներով կներկայացնենք, կարծում եմ: Հիմա հերթափոխով փորձում ենք «բռնացնել» պատռողներին»,- ասաց Արգիշտի Մեխակյանի շտաբի պետը: 

Արմինե Միքայելյան