Նիկոլ Փաշինյանը Ալավերդի քաղաքում՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ընդհանրապես պետք է բացառել այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության՝ որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։
  
Փաշինյանի նման հայտարարությունը հենց Ալավերդիում հասկանալի է նախընտրական քարոզարշավի համատեքստում. Ալավերդու պղնձաձուլարանի առկախված աշխատանքը հասցրեց բավական մեծ գլխացավանք պատճառել իշխանություններին և լուրջ խաղաքարտեր տվեց Փաշինյանի հակառակորդներին, ովքեր այսօր էլ շահարկում են շուրջ 600 աշխատակցի՝ գործազուրկ մնալու հավանականությունը:Անգամ եթե Փաշինյանը նման հայտարարությամբ փորձում էր հակակշռել մարզում իր իսկ բացթողումների պատճառով աճող ՀՀԿ քաղաքական իմիջին՝ նման հայտարարությունները միանշանակ բացասական ազդեցություն կունենան առանց այդ էլ բացասական ֆոն ձեռք բերած ներդրումային դաշտի վրա:
 
Շնողի ՀԷԿ-ի կառուցման համար դեռևս 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ-ի և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company ընկերությունների հետ։ Շնող ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։ Կարելի է ասել, որ սա երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում՝ ամերիկյան կապիտալի ներգրավմամբ: Առաջինը՝ Լիդիան-ը կարծես արդեն ափսոսում է Հայաստանյան շուկա մուտք գործելու համար: Իհարկե, կասեք, որ Շնողի ՀԷԿ-ի կառուցումը ամեն դեպքում վտանգաված չէ, քանի որ եթե The Robbins Company-ն հրաժարվի իր իսկ ստորագրած հուշագրից և չմասնակցի Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին, ապա Սամվել Կարապետյանի ընկերությունը՝ Տաշիր Գրուպը, որը հանդիսանում է Շնողի ՀԷԿ-ի հիմնական շահառուն կսկսի համագործակցել գերմանական, ճապոնական կամ մեկ այլ նմանատիպ ընկերության հետ:
 
Սակայն արդյո՞ք Հայաստանում իրավիճակ փոխվելուց հետո Կարապետյանը կունենա այդ ցանկությունը, և արդյո՞ք վարչապետի պաշտոնակատարի նման հայտարարություններից հետո գերմանական, ճապոնական կամ որևէ այլ երկրի ընկերությունները կցանկական Հայաստանում խոշորածավալ ներդրումներ անել: Իրականում եթե Շնհողի ՀԷԿ-ը չկառուցվի , դա լուրջ հարված է լինելու ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական կապիտալին, որը ներկայացնում է հենց Սամվել Կարապետյանը:
 
Ամերիկյան կապիտալին ավելի լոյալ վերաբերվելու կոչերը Վաշինգտոնից Երևան հասան Լիդիանի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո: ԱՄՆ դեսպանի նախազգուշացումն էլ նույնպես հերթական ազդակն էր իշխանություններին, և կարծես թե Լիդիանի դասը Փաշինյանը և իր թիմը յուրացրել էին: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն էր հատկապես Փարիզում ամերիկյան մեկ այլ խոշոր ընկերության՝ «Կոնտուր Գլոբալ»-ի ղեկավարության հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո: Փաշինյանին հաջողվել էր համոզել ամերիկացիներին, որ Հայաստանում ամերիկյան կապիտալը կարող է իրեն ապահովագրված զգալ: Ստացվում է՝ ամիսներ անց Փաշինյանն անում է տրաբամանորեն հակառակ և անչափ վտանգավոր հայտարարություն: Խոշոր բիզնեսն իհարկե չի խորանալու՝ Փաշինյանը նման հայտարարություն անում է նախընտրական տրամադրություններից ելնելո՞վ, թե՞ իրականում պատրաստվում է Հայաստանի գլխին բերել Լիդիան 2—ը: Ներդրումային ֆոնի վրա բացասական կարող է ազդել անգամ հայտարարությունը՝ առանց հավելյալ գործողությունների: Նման հայտարարություններ անելիս պետք է շատ ավելի զգույշ լինել ՝ ընտրությունները կգան ու կանցնեն, գուցե անգամ Ալավերդիում «Իմ քայլը» ջախջախիչ հաղթանակ արձանագրի, սակայն հետագայում 0-ին հասնող տնտեսական աճի դեմ պայքարողը հենց Փաշինյանն է լինելու:
 
 
Ստելլա Խաչատրյան