Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, թե վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառն էլ, որը նշվում է՝ ՊԵԿ արտաբյուջետային միջոցները զգալիորեն սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, հետևաբար, անհրաժեշտություն կա  դրանք կրճատել:
 
Իրականում պատճառն ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
 
Բանն այն է, որ երկու գերատեսչությունների միջև լարված հարաբերությունները նոր չեն ի հայտ եկել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը փորձում է անել ամեն ինչ՝ քաղաքական ղեկավարությանը համոզելու, որ ՊԵԿ-ը վերստին միացվի ֆինանսների նախարարությանը: Ի դեպ, ավելորդ չի լինի հիշեցնել, թե ով է Բրուտյանը:
 
Ֆինանսների նախարարության և պետգնումների ոլորտում տարիներ շարունակ յուրահատուկ «Նորֆոլկ» է հանդիսացել «Ինտեր Լիմենս» ընկերությունը, որի հիմնադիրն էլ հանդիսանում է հենց Բրուտյանը: 2011-2016 թվականներին նա  եղել է ընկերության խորհրդի նախագահ: Մինչև խորհրդի նախագահ լինելը՝ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ բոլոր ընկերությունները, որոնք ցանկանում էին մասնակցել պետգնումների մրցույթներին, միայն «Ինտեր Լիմենսին» պետք է դիմեին: 2016-ին Բրուտյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը: Բացի այդ, պետք է նշել, որ Կարեն Բրուտյանի քավորն է ՀՀ ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
 
Այս փա՞ստն է «դուխավորել» Բրուտյանին՝ վերևներում նման լոբբինգ անելու համար՝ դժվար է ասել, սակայն փոխնախարարն, ըստ էության, վստահ է, որ պետական ապարատի օպտիմալացումից կարելի է նաև անձնական շահ քաղել:
 
Թե ինչ դիրքորոշում ունի այս հարցում ՊԵԿ-ը՝ դեռևս հասկանալի չէ, միևնույն ժամանակ, հասկանալի է, որ ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանը ևս հեշտ հանձնվողներից չէ և իր հերթին՝ ի պատասխան Բրուտյանի «բոչկա գլորելուն»՝ համապատասխան փաստարկներ կներկայացնի վերևներին, թե ինչու ՊԵԿ-ը պետք է շարունակի գործել որպես առանձին կառույց: Ինչու ոչ՝ ՊԵԿ-ի ստուգումները կարող են հասնել նաև ֆինանսների նախարարություն, իսկ թե ինչ փաստեր ջրի երես դուրս կգան այդ ժամանակ՝ դժվար է ասել…
 
Մի բան ակնհայտ է՝ նման երևույթները, միջգերատեսչական գզվռտոցները Նոր Հայաստանում պետք է բացառել: