«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշանակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար։ Նիստի հիմնական թեման եղել է ԵՏՄ ընդհանուր տարածքի համար գազի գնի նույնականացման հարցը։

Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է․ եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ։

Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաեւ Պուտինի մակարդակում, վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասաց մեր աղբյուրը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անպայման մասնակցելու է այդ նիստին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում