Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ճամբարակում, քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վերադարձավ այն թեմային, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։

«Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ոոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել՝ գնացել է պետության բենզինի, ավտոյի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ոգևորվել։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, և եթե որևէ մեկն իմ ասածը կասկածի տակ դնի՝ թղթերով ու փաստաթղթերով կապացուցեմ»,– ասաց Փաշինյանը: