«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանին սպառնալիք է ուղղել․ «Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»:
 
Վարչապետը տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը: Արցախի պաշտոնյաներն ու խորհրդարանականները մեկը մյուսի հետևից դատապարտում են այն ապազգային հայտարարությունը, որ արեց պատգամավոր և պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը։ Իսկ Միքայելյանը հայտարարեց, թե իրենց հաղթանակը ՀՀ նախկին իշխանության նկատմամբ շատ ավելի արժեքավոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը , Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը և այլ գործիչներ։
 
Փաշինյանի՝ Արցախի իշխանության հետ սկիզբ դրվող հակասությունների պատճառը սակայն կարող է ավելի խորքային լինել, քան պարզապես ՝ թիմակցի պատիվը պահելն է: Վերջին օրերին Արցախի նախագահ Բակո Սակակյանը այցելել էր Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնություն՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, և այս փաստը կարող է հետաքրքիր ենթատեքստ ունենալ: Ըստ երևույթին` այս պահին Արցախյան հակամարտության կարգավորման դիրքորոշումները, որոնք առկա են Փաշինյանի և Արցախի իշխանությունների մոտ՝ չեն համընկնում: Դա է նաև պատճառը, որ էլ ավելի հաճախ է Արցախից լսվում որևէ տեսակի զիջումների անհնարինության մասին թեզը: Սասուն Միքայելյանի դրվագը ընդհամենը կատալիզատոր է հանդիսացել, արդեն իսկ կուտակված լարվածության պարպմանը, և այդ լարվածությունը իր ամբողջ ուզով արտացոլվեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա ջղաձիգ ելույթի մեջ:
 
Արցախյան գործոնից զատ, առկա է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Փաշինյանը ակնհայտ մեսիջ է հղում Բակո Սահակյանին և Արցախի քաղաքական-ռազմական էլիտային, որպեսզի վերջիններս հետ կանգնեն Քոչարյանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մտքից: Այլ հարց է,արդյո՞ք Արցախի իշխանությունները ունեին նման ծրագիր, քանի որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի նոր իշխանություններին ուղղված լոյալության մի շարք ուղերձներ են հնչել, որոնք այնուամենայնիվ չեն փարատել Փաշինյանի մտահոգությունները: Արցախի իշխանության փոփոխության հարցը ԱԺ ընտրություններում շահարկում են «Սասնա ծռերը»: Եթե այս ամենին էլ գումարվում է Փաշինյանի կողմից վերաբերմունքի բացահայտ ցուցադրությունը, հաթաթաներն ուղղված Արցախի իշխանությանը, ապա այս իրավիճակից կլինեն օգտվողներ՝ թե երկրի ներսում, թե Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս: Սա ևս, պետք է գիտակցի Փաշինյանի թիմը:
 
Ս.Խաչատրյան