«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի դեմ:

ԼՈւՐԵՐ.com-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Սակայն չի նշվում, թե ՀՔԾ պետի մասնավորապես որ հայտարարությունն է համարում զրպարտություն:

Նշենք, որ ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վահագն Հարությունյանի կատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է հետախուզման մեդեմ: