Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անվան շուրջ եռացող կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Սկանդալային հրապարակումները մամուլում՝ կապված փոխվարչապետի գործունեության հետ, դարձել են օրվա քաղաքական քրոնիկոնի անբաժան մասը:
 
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատավայրում մարիխուաննա է օգտագործել: Փոխվարչապետի գրասենյակից այդ տեղեկությունը հերքեցին, իսկ դատական հայցն ընդդեմ այդ տեղեկատվությունը տարածած լրատվամիջոցի՝ դեռ ընթացքի մեջ է: Այսքանով, սակայն, Ավինյանի անձի շուրջ հակասական նորությունները չսպառվեցին: Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել մարիխուանայի պատմությունը, երբ դրանից քիչ անց փոխվարչապետին մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Մասնավորապես մամուլում գրվեց, որ 2010-11 թվականներին Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարեսկզբին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։Հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար։ Ավինյանը, իհարկե, հայտարարեց, որ դրամաշնորհը ստանալու պահին նա այլևս չի հանդիսացել ընկերության ղեկավար, չնայած, բացի այդ էլ ընկերությունը կստանար այդ դրամաշնորհը, անգամ, եթե ինքը հանդիսանար շարքային ընդդիմադիր: Փոխվարչապետի այս փաստարկը շատերի կողմից թույլ դիտարկվեց, այն պարզ պատճառով, որ երկար տարիներ գործունեություն ծավալելուց հետո Ավինյանի ընկերությունը դրամաշնորհ ստացավ հենց վերջինիս պաշտոնը զբաղեցնելուց հետո: Որքանով է այս կոռուպցիոն «բացահայտումը» համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել, այդ գնահատականը պետք է տան պատկան մարմինները, և կասկածից էլ վեր է, որ նման երևույթները «Նոր Հայաստանում» պետք է իսպառ արմատախիլ արվեն: Իսկ մինչ իրավապահները գնահատական կտան, այս խաղաքարտը հմտորեն օգտագործվեց «Իմ Քայլի» քաղաքական օպոնենտների, մասնավորապես, հանրապետականների կողմից: ՀՀԿ երկրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Փաշինյանը պետք է կոռուպցիայի հաղթահարման մասին ելույթներ ունենալուց առաջ, նախ ձերբազատվի Տիգրան Ավինյանի նման կադրից, ակնարկելով, որ քանի դեռ բազում սկանդալների կիզակետում հայտնված փոխվարչապետը շարունակում է պաշտոնավարումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած հիշատակում պարզ պոպուլիզմ է:
 
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հինգ օր անց էլ իշխանական թիմում սկանդալների նյուզմեյքերը կրկին Ավինյանն է: Այսօր մամուլում հայտվեց տեղեկատվություն, որում փոխվարչապետին մեղադրում են նախկին իշխանության ներկայացուցիչների, իսկ ավելի հստակ՝ ՀՀԿ-ական նախկին «տասովշիկների»՝  Աջափնյակի նակին փոխթաղապետ Արման Միքայելյանի ու նրա թիմի հետ համագործակցելու մեջ: Փաշինյանի կողմից ՀՀԿ-ին «ասֆալտին փռելու» և «պատմության աղբանոցը ուղարկելու» սպառնալիքների ֆոնին փոխվարչապետի՝ «հակահեղափոխականների» հետ համագործակցության «ապացույցների» հրապարակումը կարծես նպատակ է հետապնդում վարկաբեկել Ավինյանին առաջին հերթին յուրայինների մոտ, նրան դարձնելով անվստահելի խաղացող, ինչը էականորեն կթուլացնի փոխվարչապետի դիրքերը իշխանական թիմում: Հասարակության ներսում նման դրվագները ևս կարող են ռեզոնանսային լինել, իսկ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ իր համար կարևոր է հենվել հասարակության վստահությունը վայելող պաշտոնյաների վրա, քանի որ իր իշխանության հենքը հենց այդ վստահությունն է: Դժվար չէ կռահել, թե իշխանական բուրգում որքան հեղհեղուկ կդառնան այն պաշտոնյաների դիրքերը, որոնք մինիմալի հասցնելով հանրային վստահության իրենց լիմիտը՝ այդպիսով ուղղակիորեն կհարվածեն նաև Նիկոլ Փաշինյանին:
 
Սկանդալների այս անվերջ թվացող շղթան վերլուծելիս տրամաբանական հարց է առաջանում՝ Ավինյանի անվան շուրջ մեկը մյուսին հաջորդող բացահայտումները իսկապես իրականությո՞ւն են և նա մեկն է այն պաշտոնյաներից, որոնք, ըստ Փաշինյանի, «չդիմացան և շատ արագ տրվեցին իշխանական վայելքներին», թե՞ իրապես կան շրջանակներ, որոնց գլխավոր նպատակը փոխվարչապետին խաղից դուրս թողնելն է, իսկ  խնդրի լուծման ճանապարհին տվյալ շրջանակները չեն խորշում օգտագործել արսենալում եղած բոլոր միջոցները, փորձելով քաղաքական պատվերների վրա քաղաքական «աչոկներ» հավաքել...
 
 
Ստելլա Խաչատրյան