Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք է, զբաղված է ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնելով:

Ոստիկանության գրառումն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի' Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»: