Հայաստանը 2021-ին անցնելու է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման: Այն նոր խթաններ է ստեղծելու նաև ներդրողների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այս մասին նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կարծում եմ՝ էներգետիկայի ոլորտը այն դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ ՀՀ կառավարությունը բավականին մեծ գումարներ է ներդնում: Ունենք նաև գրանտային խոշոր ծրագրեր, որոնք վերաբերում են զուտ էներգախնայողությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ պետք է գնանք վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ: 2021-ին պետք է գնանք դեպի ազատականացում: Դա կստեղծի նոր խթաններ ներդրողների համար, նաև նոր հնարավորություններ՝ էներգիա արտադրողների և սպառողների համար»,-նկատեց Ավինյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ, քանի որ բնությունը տվել է մեզ դա՝ և՛ հողմակայանների, և՛ արևային էներգետիկայի առումով: Արևային էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի ծրագրեր, որոնք առաջ են մղում: Ավինյանի համոզմամբ՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ բավականին լուրջ առաջընթաց է գրանցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: «Մենք ունենք աշխարհում ամենաէժան սակագներից մեկը՝ արևային էներգակայանից գնվող: Եվ կարծում եմ, որ այս ոլորտում կան շատ մեծ հնարավորություններ, որոնք մենք կօգտագործենք մաքսիմում»,- եզրափակեց նա: