2019թ.-ի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառուներ ու նպաստառուներ Հայաստանում չեն լինի։ Դրա մասին են պարբերաբար հայտարարում օրվա իշխանությունները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում հաճախ կարող ենք լսել վարչապետի այն հայտարարությունը, թե 2019 թվականի հունվարի 1-ից կբարձրանան 85 հազար մարդու թոշակները: Խնդիրը, սակայն, հետևյալն է՝ միջնաժամկետ ծախսերի 2018-2021 թթ. ծրագրի 9.3 կետով սահմանվել է, որ 2019-2021 թվականների կտրվածքով բոլոր տեսակի կենսաթոշակների գծով նախատեսվում է պահպանել 2018թ. համար նախատեսված կենսաթոշակի հիմնական չափը, իսկ ոլորտին ուղղվող ծախսերի ավելացումը պայմանավորված է թոշակառուների թվի ավելացմամբ:
 
80 հազար թոշակառուի համար թոշակների 60 տոկոս բարձրացման հայտարարությունն առնվազն չափազանցություն է: Բերենք մի պարզ օրինակ. եթե նախկինում շահառուն ստանում էր 23000 դրամ կենսաթոշակ, ապա  հունվարի 1-ից նրա թոշակը կբարձրանա  ընդամենը 2500 դրամով: Այսինքն, այս բարձրացումն էականորեն ազդելու է նվազագույն՝ 14-16000 դրամ ստացողների վրա, որոնց թիվը շատ փոքր է: Նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողների թիվը, որը նշվում է, այն է՝ 80 հազար՝ նույն նախագծի հիմնավորմամբ ևս կասկածի տակ է առնվում, քանի որ հիմնավորման մեջ նշված է՝ հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները, 2019 թվականին պարենային աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640: Այսինքն, այս բարեփոխումը տարածվելու է ոչ թե 85 000 թոշակառուների վրա, այլ ընդամենը 17 640 մարդու համար, ինչը թոշակառուների ընդհանուր թվաքանակի մեջ շատ փոքր տեսակարար կշիռ է զբաղեցնում:
 
Ինչպես տեսնում ենք՝ քարոզարշավի թեժ օրերին հաճախ նշվում են թվեր, որոնք առաջին հայացքից՝ ինչ խոսք՝ տպավորիչ են, մինչդեռ ավելի խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականությունն այնքան վարդագույն չէ, որքան փորձում են ներկայացնել…
 
Ս.Խաչատրյան