Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր տեսանկարահանող սարքերի ուղեկցությամբ սկսել է Երևանի մետրոպոլիտենից:

Գաղտնիք չէ, որ մետրոներում տեսանկարահանող սարքերի կիրառումը խստիվ արգելվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի տնօրինությունից՝ Վոլոդյա Իսահակյանը և հավելեց, որ միայն ծայրահեղ դեպքերում են նկարահանումներ կատարվում:

«Ճիշտ է, նկարահանում չի թույլատրվում իրականացնել Երևանի մետրոպոլիտենում, դա հնարավոր է միայն մեր տնօրինության հետ համաձայնեցնելու դեպքում, երբ սահմանված կարգով գրավոր դիմում են գրում տնօրինությանն ու խնդրում նկարահանում իրականացնել: Մենք ըստ նպատակի որոշում ենք՝ թույլ տալ նկարահանումներ իրականացնել, թե՝ ոչ»,-մանրամասնեց Իսահակյանը:

Իսկ թե մասնավորապես ինչ նկարահանումներ պետք  է լինեն, որ տնօրինությունը թույլ տա, մեր զրուցակիցը նշեց, որ պետք է լինեն կոմերցիոն բնույթի. «Լինում է այն դեպքերում, երբ, օրինակ՝ ֆիլմեր են նկարահանում: Այդ դեպքում մեզ գումար են տրամադրում, մենք էլ թույլատրում ենք»:

Մեր այն դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարը նախօրոք թույլտվություն ստացե՞լ է, թե՞ ոչ, սահմանված գումարը վճարե՞լ է թե՞ ոչ, տնօրինության լավատեղյակ աշխատակիցը չկարողացավ պատասխանել, նշելով, թե շատ զբաղված է, ու նույնիսկ տեղյակ չէ՝ վարչապետի պաշտոնակատարը եկե՞լ է մետրո, թե՞ ոչ:

Արմինե Միքայելյան