ՀՀ կառավարությունը երկարաձգեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագրի ժամկետը:

Այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում:

«Համաձայնագրի համաձայն նախատեսվում է Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա կառուցել նոր կամուրջ: Վրաստանն իր պատրաստակամությունն էր հայտնել ֆինանսավորել կամուրջի Վրաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարությունը, որի արդյունքում 2016 թ. Վրաստանն ու բանկը կնքել են վարկային համաձայնագիր: Արդյունքում Հայաստանին տրամադրված վարկային միջոցները 4.2 մլն եվրո գումարի չափով չեղարկվել են՝ ապահովելով կողմերի հավասար չափով ֆինանսավորումը: Հաշվի առնելով, որ վարկային համաձայնագրի ժամկետն արդեն իսկ լրացել է, անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել մինչև 2022 թվականի մայիսի 23-ը»,- ասաց ՀՀ տրանսպորտիկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: