ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև Նիդերլանդների տնտեսական հարցերի և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրությունը: