Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին դեմքերի «մեծ բանավեճը» շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե: Տպավորությունը բանավեճից՝ սպասվածից ավելի թույլ էր, գուցե նաև այն պատճառով, որ նման ֆորմատով հեռուստաբանավեճը աննախադեպ էր և ներկաներին պակասում էր փորձառությունը: Սակայն բանավեճը բացահայտեց մի շարք կարևոր երևույթներ, որոնց առկայությունը Նոր Հայաստանում կարծես թե պետք է բացառվեին:

Խոսքը քաղաքական դաշտի մարգինալության մասին է, որը մինչ այս պահը չի հաղթահարվել: Ակնհայտ է, որ բանավեճին ներկա ուժերից 5-6-ի ներկայությունը տաղավարում սիմվոլիկ էր. բազմաթիվ ուժեր չունեն ո՛չ ասելիք, ո՛չ անելիք քաղաքական դաշտում, ինչը խոսում է քաղաքական դաշտում առողջացման միտումների բացակայության մասին:

Ի վերջո՝ ո՞ր կողմը հաղթեց այս բանավեճում: Պետք է նշել, որ իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի ելույթը թեև համեմված էր փաստերով և տվյալներով, այնուամենայնիվ, սպասվածից թույլ էր: Վարչապետ Փաշինյանը թեև հիմնականում պաշտպանվողի դերում էր, սակայն այդ դերը բավական հաջող կատարեց:

Փաշինյանի թերևս միակ թերությունն այն էր, որ վերջինիս չհաջողվեց հանրությանը ապացուցել, որ Արցախի հարցում նրա մոտեցումները, դիրքերը ավելի ուժեղ են, քան նախորդ իշխանություններինը: Արցախյան հարցը շարունակում է մնալ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարը», մինչդեռ հասարակության համար այս հարցը եթե ոչ ամենակարևորը, ապա հաստատապես ամենազգայունն է:

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ելույթներից տպավորություն ստեղծվեց, որ վերջինս բաց է թողել ապրիլից այս կողմ եղած բոլոր քաղաքական գործընթացները և զարգացումները, և որ այս ուժի միակ քաղաքական խաղաքարտը շարունակում է մնալ պոպուլիզմը և դեմագոգիան: ՀՅԴ մոտ ակնհայտ էր նեղվածությունը և մտահոգությունը, որ զրկվել են իրենց ԱԺ անցկացնող ուժից:

Մյուս կողմից՝ սա փայլուն առիթ է ՀՅԴ համար գնահատել իր ռեալ էլեկտորատի աջակցության մակարդակը: Ինչ վերաբերվում է ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցչին, ապա ակնհայտ էր, որ ինչ-ինչ պատճառներով՝ Արամ Սարգսյանը չէր ցանկանում սրել իրավիճակը և փորձում էր մանևրել: Իրավիճակին սրություն փորձեց հաղորդել «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, սակայն պետք է նշել՝ փորձը շատ հաճախ փորձանք է դառնում: Մարուքյանի հարցը Գագիկ Ծառուկյանին՝ իրոք զավեշտալի կարելի է համարել, և, ըստ էության, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը բանավեճում կայանալու շատ սխալ թիրախ էր ընտրել:

Սոցիալական ցանցերում արդեն մեմի վերածված կլասիկ պատգամավորը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իր կլասիկ կագավիճակը հասարակությանը ինչ ռեալ օգուտ է բերել:

Ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր»-ին, ապա պետք է փաստել՝ «Սասնա Ծռեր»-ը չեն կարողանում դուրս գալ մարգինալության վիճակից, նրանց առաջին համարի մռայլ և հաճախ ոչ օրիգինալ դեմքերն ավելի խորացրին այդ վիճակը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունների առաջին համարները բավական համակրելի մարդիկ են եւ որոշ հարցերում հետաքրքիր բաներ էին ասում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվեց պահպանելով պոզիտիվ նոտան, նաև քաղաքական ուժի ծրագրի մեխերը հասցնել հեռուստադիտողին: Ծառուկյանի կողմից շեշտադրվեցին հատկապես տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Գաղտնիք չէ, որ երկրում քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը և այս համատեքստում ԲՀԿ առաջնորդի կողմից առաջարկվող լուծումները կարող են արագացնել այդ գործընթացը:

Բանավեճից ժամեր անց, արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություն անել ընտրական մարաթոնի ֆավորիտների մասով: ԱԺ անցնելու ամենառեալ շանսերը այս պահին ունեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն: Երրորդ տեղի համար կարող են պայքարել Հանրապետական կուսակցությունը, որին գուցե է հաջողվի մոբիլիզացնել Փաշինյանի կառավարության 7-ամսյա աշխատանքից դժգոհ սեգմենտին և ՄԵՆՔ դաշինքը: Մնացած ուժերի ստարտային դիրքերը ԱԺ-ում հայտնվելու համար անչափ թույլ են: Իսկ թե ինչպիսին ի վերջո կլինի նորընտիր խորհրդարանի կազմը, կազդի՞ արդյոք երեկվա բանավեճը ընտրողի որոշման վրա՝ պարզ կդառնա դեկտեմբերի 10-ի առավոտյան:

Ս.Խաչատրյան