Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝
երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր
դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը:

Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար
իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց
անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ
նյութական բարիքների ճակատագիրը:

Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:

Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում:

Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ,
ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է:

Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու
նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները:

Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում
դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ
ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի
պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:

Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը,որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում:

Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից:

Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի
ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների
մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների
հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը
կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց: