Համաշխարհային մամուլը ուշի-ուշով հետևում է Հայաստանում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Մի շարք ռուսական լրատմավիջոցների հրապարակած հոդվածներում արդեն իսկ հռետորական հարցադրումներ են նկատվում: Այսպես, «Ռիա Նովոստի»-ն իր՝ «Ընտրությունները Հայաստանում. ի՞նչ հույսեր են փայփայում հակառուսական ուժերը» հոդվածում  նշում է, որ այս ընտրություններով ի վերջո կավարտվի իշխանության փոխանցման գործընթացը հեղափոխական քաղաքական ուժին: Լրատվամիջոցը ընտրությունների միակ ինտրիգը համարում է այն, թե կհաջողվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմին կրկնել Երևանում սեպտեմբերին արձանագրած բարձր արդյունքը:

Korrespondent.ru-ն անդրադառնալով Հայաստանյան ընտրություններին, նշում է, որ դրանք առաջին արտահերթ ընտրություններն են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Լրատվամիջոցը հատուկ ուշադրություն  է հրավիրում հատկապես տեղամասերում տեղադրված տեսախցիկների թվի վրա՝ շուրջ 1500, որոնք ըստ հոդվածագրի, պետք է ավելի թափանցիկ դարձնեն, թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ հետագայում ձայների հաշվարկի գործընթացը:

Բրիտանական BBC-ին «Փաշինյանին լուրջ քննություն է սպասվում» հոդված է հրապարակել, որտեղ Փաշինյանի լայն ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը նշվում է ֆեյսբուքյան ուղղիղ եթերները, որոնք ըստ հոդվածագրի վարչապետին ներկայացնում են իբրև հասարակությանը առավել մոտ կանգնած քաղաքական գործչի:Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցը ֆիքսել է նաև ընդդիմադիր բևեռի, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի մտահոգությունները՝ Հայաստանում այսքան վաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասով: