Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում:

«Առավոտյան ժամը 08:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ավարտվել էին քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, որի հիման վրա էլ ԿԸՀ-ն նախնական արդյունքների վերաբերյալ կազմել է արձանագրություն»,- ասաց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: