6,37 տոկոսով խորհրդարան անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիս է հրավիրել։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նախքան հարցերին պատասխանելը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին ընտրությունների ամբողջ ընթացքում իրենց հետևելու և լուսաբանելու համար։

Այն հարցին, թե ինչու ակնկալվող ցուցանիշից քիչ ձայն հավաքեց «Լուսավոր Հայաստանը», Մարուքյանը պատասխանեց․ «Սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ և, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է, քանի որ մեկին որ մի բան ես ասում, թեկուզ սուտ, դա նստվածք է տալիս մարդկանց մոտ։ Բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»։

Դիտարկմանը թե, ինչպես են իրենք վերաբերվում տարածված այն կարծիքին, որ «Լուսավոր Հայաստանը» «Իմ քայլից» ծնված ընդդիմություն է և արդյոք իրենք կաշկանդված չե՞ն լինելու իշխանությանը քննադատելու հարցում, Մարուքյանը պատասխանեց․ «Լուսավոր Հայաստանը» ծնվել է ՀՀ քաղաքացիներից 2015-ին և երբ որ մեր կուսակցությունը ծնվել է, այդ ժամանակ չէին եղել այդպիսի դաշինքներ։ Մեզ ամենաշատը հենց այդ հարցն են տալիս, թե կլինե՞նք ընդդիմություն թե ոչ, կպատասխանեմ՝ կլինենք կտեսնեք»։

Անդրադառնալով իշխանություններին քննադատելուն՝ Մարուքյանը պատասխանեց՝ «ինչո՞ւ պիտի կաշկանդվենք»։

«Եթե դուք նկատի ունեք քաչալ շուն, գող փիսո ոճի մեջ քննադատություններ, այդպիսիք չեն լինելու»,-ասաց Մարուքյանը։