Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի Ա.Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, ամբիոնի դասախոս, դոցենտ, Լիլիթ Տեր-Գրիգորյանը եւ 13 դասախոս հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, հյուրերը ներկա գտնվեցին առաջին դասարանի դասվար Վարսիկ Կարապետյանի վարած «Ա» հնչյուն-տառի ուսուցման դասին, դիտեցին դպրոցում գործող տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված Հ. Թումանյանի «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը: Համակարգչային կաբինետում կազմակերպվեց հանդիպում տարրական կրթության մեթոդական միավորման անդամների, «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչների հետ, անցկացվեց ազատ ու անկաշկանդ քննարկում, մտքերի փոխանակություն 1-4-րդ դասարանների դասագրքերի, դասավանդման ժամանակակից մեթոդների,միջոցների, խմբային աշխատանքի, դպրոց-համալսարան համագործակցության, կրտսեր դպրոցականների կրթության տարիքային առանձնահատկությունների, նախաայբբենական շրջանում տառուսուցման, քերականական նյութերի, վայելչագրության,սովորողների սոցիալականացման, ուսուցչի արտադասարանական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ:
Ամբիոնի դասախոս, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը զրուցեց աշակերտների հետ, ուսուցիչներին ներկայացրեց իր եւ դոցենտ Լ.Ավագյանի հեղինակած «Աշխատանք բնագրի շուրջ» ուսումնական ձեռնարկը, որը նպատակաուղղված է սովորողների խոսքի զարգացմանը, լեզվաոճական կարողությունների մշակմանն ու խորացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համընդհանուր ներառական կրթությանն անցնելու շուրջ հարցեր, ներկայացվեց մանկավարժական գիտությունների թեկնածու Ա.Միքայելյանի «Հայերենի ուղղագրության ուսուցման առանձնահատկությունները ներառական կրթության պայմաններում» մենագրությունը,որն օգտակար է լինելու մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների եւ նրանց ծնողների համար: 
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Բալայանը նշեց, որ ներառականության գաղափարը կարեւոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ իբրեւ հանդուրժողականություն, հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսեւորելու տեսանկյունից: 
Մաթեմատիկայի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի տեղակալ,մանկավարժական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան 1-6-րդ դասարաններում» ձեռնարկը, որը կօգնի մաթեմատիկայի ծրագրային նյութերի յուրացմանը՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հանդիպում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման խնդիրների շուրջ, անցկացվեց քննարկում,որը վարեցին դասախոս Կ.Աղաբաբյանը, ամբիոնի ասիստենտ Ա. Բաբաջանյանը: Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: Դասախոսների եւ աշակերտների միջեւ ստեղծված կապը միանշանակ կարեւոր էր.այդ պահին 12-րդ դասարանի աշակերտուհիներից ոմանք դիմելու մանկավարժական համալսարան ցանկություն հայտնեցին: 
«Հանդիպման ավարտին ամբիոնի վարիչ Ջ. Գյուլամիրյանը պատրաստակամություն հայտնեց՝ մշտապես լինելու ուսուցիչների կողքին,նրանց աջակցելու ուսուցման գործընթացում նոր, փոխներգործուն մեթոդների, խմբային աշխատանքի, նախաայբբենական շրջանում տառուսուցման կազմակերպման եւ դպրոց-համալսարան կապի ամրապնդման գործում:Դպրոցի տնօրինությունը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով նման օգտաշահ հանդիպումներն ուսուցիչների եւ աշակերտների հետ, քննարկվող թեմաների կարեւորությունը, արդիականությունը եւ անհրաժեշտությունը,որոնք նոր, թարմ շունչ ու աշխուժություն են հաղորդում ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Հանդիպման ավարտին հյուրերը դպրոցի գրադարանին նվիրեցին գեղարվեստական գրքեր,հեքիաթների ժողովածու, մուլտֆիլմերի սկավառակ, մասնագիտական գրականություն, ուսումնական ձեռնարկներ ու բառարաններ»,-նշեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան