«Արդարության համար պիտի ասեմ, որ մեզ համար տարբերություն չկա, թե պաշտպանությունը ով կիրականացնի։ Արդարությունը մեր ձեռքն է, ինչ ձև ուզում են, ով ուզում է լինել պաշտպան, մենք պաշտպանված ենք արդարությամբ։ Պետք է ասեմ, որ Արմենը արդար և ազնիվ ապստամբ է, և նրան կայծակնային արագությամբ պետք է ազատ արձակել»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած «Սասնա Ծռերի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։

ԱԺ արտահերթ խորհրադարանական ընտրություններին «Սասնա Ծռեր» կուսակցության անցողիկ հինգ տոկոսի շեմը չհաղթահարելու մասին Մանուկյանը չցանկացավ խոսել, սակայն, հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի առաջ բոլոր կուսակցական դրոշները խոնարհվում են, և որ ինքը մշտապես ասել է, որ Փաշինյանը թույլ տա, որ հաղթի ժողովուրդը։

Պավլիկ Մանուկյանը «Իմ Քայլի» հավաքած ձայների թիվը հաղթանակ որակեց։

Պավլիկ Մանուկյանն ասաց, որ հույս ունի, որ անպայման կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ և կխոսեն առաջին հերթին «Սասնա Ծռեր»-ի հարցով՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է «Սասնա Ծռեր»-ի հանդեպ, արդարացի չէ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեն թավշյա հեղափոխության մեջ։