Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ազդարարեցին մի փուլ, երբ գործողությունները այլևս դառնալու են չափանիշ, իսկ դրանց բացակայությունը ՝ կառավարությանը քննադատելու օբյեկտիվ պատճառ՝ այն պարզ պատճառով, որ շուրջ 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը պարտավոր է ապացուցել, որ գնահատում է ստացած յուրաքանչյուր քվեն: Ասել է թե՝ խոստումները կատարելու ժամանակն է: Ինչպես հիշում ենք՝ կառավարությունը խոստացել էր և նույնիսկ իրագործել էր քաղաքացիներին բանկային «սև ցուցակներից» հանելու՝ իր ծրագիրը: Թերևս կարելի է արդեն հետ հայացք գցել և հասկանալ՝ հաջողե՞լ է կառավարությունը, թե՝ ոչ:
 
 
Բանն այն է, որ Հայաստանում գործող բոլոր բանկերը մասնավոր են, պետական բանկ գոյություն չունի: Եւ անհատների բարի կամքից է կախված ամեն ինչ: Իսկ այդ կամքը չկա: Հայաստանում այս պահին շուրջ երկու տասնյակ բանկ է գործում, եւ եթե բանկերից մեկը քաղաքացուն ընդառաջ գնա, ապա հավանականությունը շատ մեծ է, որ մյուս գործընկեր բանկերը տարբեր տնտեսական մեթոդներով այնպես ճզմեն գործընկերոջը, որ երկար ժամանակ ֆինանսապես խելքի չի գա: Իսկ մինչ մեր կառավարությունը ամեն ինչ թողել է բանկերի բարի կամքին՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել` զրոյացնել «սև ցուցակում» ներառված ավելի քան 600 հազար քաղաքացիների բանկային պարտքերը: Հարյուր հազարավոր քաղաքացիների բանկային պարտքերը ներելու մտադրության մասին հայտարարվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ քվեարկության երկրորդ փուլի նախօրեին: Պարտքերի չափը հասնում է 565,3 մլն դոլարի, որոնց թվում են 150 հազար սոցիալապես անապահով անձինք և սահմանափակ հնարավորություններ ունեցող տասնյակհազարավոր մարդիկ:
 
Նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որպես նախորդ 7 ամիսների ձեռքբերում՝ նշել էր նաև բանկերի սև ցուցակում գտնվող 125 հազար քաղաքացիների՝ սպիտակ ցուցակներ վերադարձնելու մասին: Սակայն արդյո՞ք կառավարության այդ ծրագիրը ամբողջությամբ իրականություն է դարձել: Հաշվի առնելով, որ բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս էլ բողոքում են, որ այդպես էլ չհայտնվեցին բաղձալի սպիտակ ցուցակներում՝ նշանակում է, որ կառավարությունը թերացել է: Իրականում, վարկային համաներումը չկրեց զանգվածային բնույթ, բանկերը կամայական մոտեցում որդեգրեցին: Միևնույն ժամանակ, նրանց էլ չես մեղադրի՝ եթե պետությունը չի կանգնում բանկային համակարգի կողքին, չի սուբսիդավորում, կամ դրսից չի հաջողում գումար բերել տվյալ ծրագրի իրականացման համար՝ բանկերին չես մեղադրի, բիզնես է: Սա ընդամենը մի դրվագ է, որը ապացուցում է՝ մեզ մոտ նախընտրական խոստումները հիմնականում էյֆորիայի պահպանման, այլ ոչ թե գործնականում խնդիրների լուծման նպատակ էին հետապնդում: Կառավարությունը, գնալով այս քայլին՝ շատ լավ հասկանում էր, որ պետությունը չունի նման ֆինանսական միջոցներ, հեղափոխությունը չբերեց ներդրումներ, որոնք հնարավոր կլիներ օգտագործել հանձն առած պարտավորվածությունները կատարելու համար, արդյունքում՝ մնում է թերի կատարված գործը և պոպուլիզմը…