Հայաստանի Հանրապետության Մարտունի եւ Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքային համայնքների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, հուշագիրը ստորագրվեց Մարտունու քաղաքապետարանում, որը վավերացրին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբագուան:

«Հաշվի առնելով փոխադարձ համագործակցության, հետագա կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ երկու կողմերը պատարաստ են ստեղծել նպաստավոր համապատասխան պայմաններ փոխադարձ այցերի, շփումների, ընդհանուր ու փոխշահավետ ծրագրերի քննարկման, հաստատման ու իրականացման համար: Փոխադարձ համագործակցության ու եղբայրական կապերի հաստատման գործում կարեւորագույն ուղղություններ են հանդիսանում առեւտրատնտեսական, մշակույթային եւ զբոսաշրջության զարգացման ուղղությունները:Համոզված եմ, որ այս բարեկամության հաստատումն արդյունավետ միջոց է մեր երկու քաղաքների զարգացման, բնակչության բարեկեցության ապահովման համար: Այն նպաստելու է նաեւ խաղաղությանն ու հայ-վրացական կապերի ամրապնդմանը, մեր ժողովուրդների եղբայրության պատմության նոր էջերի հարստացմանը, մշակութային, սոցիալական և տնտեսական կյանքի աշխուժացմանը: Կարծում եմ, որ հուշագիրը կյանքի կկոչվի տեսանելի ձեռնարկներով, եկող տարվա ընթացքում»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան