Աժ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ու թեև ԿԸՀ-ն վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, մեծ է գայթակղությունը հաշվարկելու, թե ինչ կազմ կունենա նոր խորհրդարանն ու ԱԺ անցած ուժերից որին քանի մանդատ բաժին կհասնի:
 
Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը, ոչ թե տոկոսները, բազմապատկվում է ԱԺ մանդատների նվազագույն թվով՝ 101-ով և բաժանվում խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ բաժանվում է «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լուսավոր Հայաստան»-ին կողմ քվեարկածների հանրագումարին: Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, ստացել է 884,456 (70,43%) ձայն, ԲՀԿ-ն` 103,824 (8,27%) ձայն, ԼՀԿ-ն՝ 80,024 (6,37%) ձայն: Խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկած ձայների հանրագումարը ստացվում է 1.068.304:
 
Համաձայն բանաձևի՝ «Իմ քայլը» դաշինքին հասանելիք մանդատների թիվը պարզելու համար դաշինքին կողմ քվեարկած ընտրողների թիվը՝ 884.456-ը, պետք է բազմապատկել 101-ով և բաժանել խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկածների հանրագումարին՝ 1.068.304: Այդ գործողությունից հետո ստացվում է 83,6 թիվը, որը համարժեք է 84 մանդատի: Նույն բանաձևով հաշվարկելով՝ ԲՀԿ-ի դեպքում ստացվում է 103,824×101:1.068.304=9,81, որը համարժեք է 10 մանդատի:
 
ԼՀԿ-ի դեպքում ստացվում է 80,024×101:1.068.304=7,56 կամ 7 մանդատ:
 
Այս ամենին ավելանում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրամադրվող 4 մանդատները: Խորհրդարանական ընտրություններում արձանագրած ցուցանիշների արդյունքում ազգային փոքրամասնություններին հասանելիք մանդատներն այս դեպքում բաժին կհասնեն միայն «Իմ քայլը» դաշինքին։ Արդյունքում ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը 105 պատգամավորական տեղերից կունենա 88 մանդատ, որը կազմում է մանդատների 83,8 տոկոսը։
 
Այս դեպքում աշխատում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մեկ այլ պահանջը, համաձայն որի՝ եթե որևէ ուժ ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, մյուս ուժերը ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի պառլամենտի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս:
 
Համաձայն օրենքի այդ պահանջի՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընդդիմության մեկ երրորդը ապահովելու համար կստանան լրացուցիչ 28 մանդատ: Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա:
 
Տվյալ բանաձևը ԲՀԿ-ի դեպքում կունենա հետևյալ տեսքը՝ 10×28:17=16,4, ԲՀԿ-ն կստանա լրացուցիչ 16 մանդատ: ԼՀԿ-ի դեպքում կստացվի՝ 7×28:17=11,5 ցուցանիշը, կուսակցությունը կստանա 12 լրացուցիչ մանդատ: Արդյունքում՝ նոր խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների՝ «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 19: 7-րդ գումարման ԱԺ-ն կունենա 133 պատգամավոր, որը 28-ով ավելի է 6-րդ գումարման ԱԺ-ից: Պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 400 դրամ, այսինքն՝ ստացվում է, որ նոր խորհրդարանը ամսական կտրվածքով առնվազն 18,5 միլիոն դրամով ավելի թանկ կարժենա պետբյուջեի վրա, քան նախորդ ԱԺ-ի ժամանակ:
 
Ինչ վերաբերում է մանդատների բաշխմանը ըստ համամասնական և տարածքային ցուցակների, ապա այստեղ էլ բարդ հաշվարկային մեխանիզմ է գործում ու հաշվարկը տարվում է, այսպես կոչված, Դոնթի բանաձևով: Այդ տվյալները հնարավոր է հաշվել միայն քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո:
 
Աղասի Առաքելյան