«Շատ հնազանդ ձևով կատարում են վարույթ իրականացնող մարմնի ցանկությունները և չեն գործում օրենքով: Եթե նախկինում եղել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, ապա հիմա չկա նման բան, և սա պարզապես «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի կիրառումն է»,-այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով՝ Գրիգորյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությաան մերժման և  կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ դատարանի որոշմանը

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե գործը հասնի դատարան ու քննող դատավորն էլ լինի «ՀՔԾ-ամետ Մարինե Մելքոնյանը», իսկ Վերաքննիչում՝ «ՀՔԾ-ամետ» Արսեն Նիկողոսյանը, ապա որևէ դրական կամ օրինական արդյունք Մանվել Գրիգորյանի համար ակնկալել հնարավոր չէ. «Չունենք արդար և օրինական դատավարություն»:

«Եթե մյուս կալանավորների մասին կարելի է ասել, որ պատանդ են, ապա Մանվել Գրիգորյանի դեպքում պետք է ասել, որ նա գերի է, ինչը ուրախացնում է ադրբեջանական մամուլին և ադրբեջանական լոբբիստներին: Ամեն դեպքում, Արցախի հերոսին 6 ամսից ավել կալանքի տակ պահելը միայն նրա համար է, որ ադրբեջանական լոբբիստները ուրախանան և հայտարարեն, որ հասել են հաջողության: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը կարելի է դիտարկել որպես ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք».- մանրամասնեց Գրիգորյանի իրավապաշտպանը:

Վերջում Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանի այսօրվա վճիռը խոսում է նրա մասին, որ դատավարական օրենքով նախատեսված ուժերի վրա հույս դնելն անիմաստ է.«Մենք շատ լավ տեսանք, որ նախընտրական քարոզչության ժամանակ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անընդհատ շահարկեցին և արժեզրկեցին Գրիգորյանի անունն ու հեղինակությունն՝ ի շահ իրենց»: