«Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում:

Ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով:

Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը` վտանգելով նաև մեր երկրի և իրավապահ կառույցների միջազգային հեղինակությունը:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Նոր Հայաստանի նոր իշխանությունները եւս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը և նրա գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը: