«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամների՝ դեկտեմբերի 4-ի քարոզչությյան իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նախ նշենք, որ նույն օրը ՔՈ կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր. «Քիչ առաջ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը եւ Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել են հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաեւ ոստիկան, որը չի միջամտել»:

Այնուհետև, ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ սուպերմարկետի աշխատակիցներից մեկը հորդորել է քարոզչություն իրականացնող թեկնածուներին՝ հեռանալ տարածքից, իսկ ավելի ուշ՝  վիճաբանություն է սկսվել և այդ ամենը նկարահանող թեկնածուին հարվածելով և նրա ձեռքից հեռախոսը վերցնելով, սուպերմարկետի աշխատակիցը վերադարձել է աշխատանքին: 

Թեկնածուներին աշխատակիցը հրավիրել է սուպերմարկետ եւ տեւական պարզաբանումներից հետո վերադարձրել է հեռախոսը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններին 10 868 ձայնով քաղաքապետ է ընտրվել տեղի միակ թեկնածու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը, որի եղբոր դուստրը՝ Գոհար Եղիազարյանն այս տարվա խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից: