Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ առաջ վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի քննությունը։ Սակայն նիստն այժմ հետաձգվել է, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ, Գևորգյանը լքել է նիստերի դահլիճը:

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմը լրացուցիչ նյութեր է պահանջել՝ գործին ավելի մանրամասն ծանոթանալու համար. «Կալանավորման պատճառների և հիմքերի վիճարկման համար են դրանք հարկավոր: Իսկ նիստը հետաձգվել է մինչև ժամը 15:00-ը»:

Այն դիտարկմանը՝  Մարտի 1-ի գործի շրջանակներո՞ւմ է կաշառք ստացել, թե՞ փողերի լվացման գործով է անցնում, փաստաբանը չպատասխանեց, նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիքներ են:

Էրիկ Ալեքսանյանը նաև հավելեց, որ իր վստահորդը ցուցմունք է տվել և չի ընդունում իրեն առաջադրվող մեղադրանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Գեւորգյանը, մասնավորապես,  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: