Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։

Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ակցիայի մասնակիցներին դիմելով՝ նշեց. «Բոլորդ բերում և նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»,–ասաց նա։

Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։