ՀՀ-ում հետընտրական կրքերը մարեցին և երկիրն աստիճանաբար անցնում է բնականոն վիճակի, սակայն հանրության սպասելիքները ժողովրդի լայն հատվածի աջակցությունը ստացած իշխանություններից, անսահման մեծ են: Հարկ է նկատել, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի: Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Արցախ: Ակնհայտ է, որ Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը: Արտաքին քաղաքականության հարցում, ակնհայտ է, որ ռազմական և պաշտպանական հարցերում Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին: Պուտինի վստահությունը շահելու՝ վարչապետ Փաշինյանի հույսը, մեղմ ասած, միամտություն է: Փաշինյանի առաջնորդած փողոցային հեղափոխությունը նոր շունչ տվեց այն հեռանկարին, որ նախկին խորհրդային պետություններում էլ կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:

Թեև Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ դա իրեն չի մտահոգում, սակայն  դա այդպես չէ: Արևմուտքը դեռևս փորձում է հասկանալ՝ ով է Փաշինյանը, որտեղից է եկել և ուր է գնում: ԵՄ և արևմտյան շրջանակները լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է համակրանքը վերածել շոշափելի աջակցության: Մտահոգություն կա, որ Փաշինյանը բավականաչափ համբերություն չի ունենա ժամանակի ընթացքում ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի հստակ ուրվագծելու, խորացնելու համար: Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը: Վերջին ամիսներին ԼՂ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ռիսկերը շարունակում են մեծ լինել:

Ունենք մի իրադրություն, երբ Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլլեսյան գարշապար»: Այժմ՝ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը հիմնված է թափանցիկության, ներառվածության և պրագմատիզմի վրա, պետք է թեստ անցնի: Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել ՀՀԿ-ի նախազգուշացումները, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Որպես Ադրբեջանի հետ 10 տարի բանակցած կողմ՝ ՀՀԿ-ն գիտակցում է այն ռիսկը, որ եթե Ալիև-Փաշինյան «մեղրամիսը» բանակցային գործընթացում չհանգեցնի շոշափելի առաջընթացի, հիասթափված Ադրբեջանը կարող է խնդրի լուծման այլ տարբերակներ որոնել: Ամեն դեպքում, Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները:

Մարտահրավերները շատ են, լուծումները՝ բավականին առանցքային նշանակություն ունեցող, եթե չասենք՝ կենսական նշանակություն ունեցող, ուստի, մեծ կլինի ժողովրդի հիասթափությունը, եթե այս կառավարությունը ձախողվի, ասել է թե՝ Նիկոլն ու իր թիմը պետք է օր ու գիշեր բառացիորեն տքնեն՝ ազգի սպասելիքներն արդարացնելու համար:

Աղասի Առաքելյան