Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ աշխատանքից ազատման մասին երեկվանից շրջանառվող լուրերի վերաբերյալ դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չկա: 

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հորդորեց սպասել պաշտոնական տեղեկատվությանն ու նոր միայն մեկնաբանություններ անել:

Իսկ թե արցախյան հասարակությունն ինչպես է ընդունել տարածված լուրերը, Խանումյանը նշեց. «Առանձնապես որևէ հատուկ կարծիք չկա լուրերի վերաբերյալ: ԱԺ նիստ է եղել և նույնիսկ միջանցքներում չենք խոսել այդ թեմայով: Եթե ՊԲ հրամանատարը փոխվում է, պետք չէ այսպիսի մեծ աժիոտաժ ստեղծել. սա նորմալ գործընթաց է և բանակում այս ռոտացիան ևս նորմալ է»:

Ըստ Խանումյանի՝ ընդունելի երևույթ է, երբ բազմաթիվ պատրաստված և գրագետ սպաներ, որոնք գտնվում են դիվիզիայի, գնդի հրամանատարների մակարդակում, առաջընթաց են ունենում: 

«Չգիտեմ, թե ինչ կտա Լևոն Մնացականյանի՝ ՀՀ ՊՆ տեղափոխվելը, բայց ՀՀ-ի և մյուս կորպուսների հետ համագործակցությունը խիստ օգտակար է, և, օրինակ, Արցախում ծառայող գեներալին ՀՀ-ում որևէ պաշտոնի նշանակելը բավականին դրական երևույթ է: Սպասենք՝ կտեսնենք դեպքերն ինչպես կզարգանան»-, մանրամասնեց Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Վերջում Խանումյանը նաև հավելեց, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են լճացում թույլ չլինելու համար:

Արմինե Միքայելյան