Հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 14։28-ի սահմաններում Աբովյանի ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի շրջանում ստացված վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել նոր Գեղի գյուղի մի բնակիչ։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, հանգամանքները պարզվում են։ 

Նշենք, որ օրեր առաջ էլ Նոր Գեղի գյուղում 4 հոգու էին դանակահարել։ Ոստիկանության տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում վիճաբանության ժամանակ Գևորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Հաջորդ օրը ժամը 23։30-ին, Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց:

Նոր Գեղի գյուղի բնակիչները օրեր շարունակ դուրս են գալիս փողոց՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից պահանջելով չեղյալ համարել Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի նշանակման որոշումը։ Այսօր էլ պահանջում էին նրանց հրաժարականները, քանի որ դանակահարություն իրականացնողները Վարդան Պապյանն ու իր համակիրներն են եղել։