Մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության գործի հետ կապված, նոր հանգամանքներ են ի հայտ եկել․ Սեդրակ Օսիպյանի կողմից դանակահարվածը 4 տարի անց հրաժարվել է ցուցմունքից, որի արդյունքում գործը վերաբացվել է։

Սակայն ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հերքեց տեղեկությունները՝ նշելով, որ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ․ տեղի ունեցած դանակահարության գործը փակված չի եղել, որ վերաբացվի․ 

«Գործը պետք է կարճվի կամ կասեցվի, որ վերաբացվի, մինչդեռ այս գործը երբեք փակված չի եղել, միշտ եղել է ընթացքի մեջ։ Պարզապես, որոշ ժամանակ գործով որևէ մեկը հրավիրվել հարցաքննության։ Նախաքննությամբ ընդունված է, որ ցանկացած պահի, թեկուզ որոշակի տևական դադարից հետո յուրաքանչյուր մարդու գործով կարող են կանչել հարցաքննության»,- նշեց Հարությունյանը՝ նշելով, որ գործը նախաքննության փուլում է, ուստի, նախաքննության շահերից ելնելով, մանրամասներ չի կարող ներկայացնել։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Երկու օր անց, որպես կասկածյալ է ներկայացվել Նուբարաշենի բնակիչ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, որին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով (կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): 

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ բավարարել է 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին։ 9 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Սեդրակ Օսիպյանը ներկայացել էր քննիչին։

 
Սոնա Հարությունյան