Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքը, որն ամբողջովին վնասվել էր այս տարվա հոկտեմբերին գրանցված ուժեղ քամիների հետևանքով: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը, 436 քառակուսի մետր մակերեսով, այս տարվա հոկտեմբերին գրանցված ուժեղ քամին ամբողջությամբ պոկել ու ցած էր շպրտել: 
«Աղետի պատճառած վնասի վերականգնման համար Գեղարքունիքի մարզպետը դիմեց ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ հատկացվեց 10 միլիոն դրամ, իսկ մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթը շահվեց 6 միլիոն 420 հազար դրամով: Շինարարի հետ կնքվել է պայմանագիր, իսկ շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մինչեւ տարեվերջ հիմնովին նորոգված կլինի դպրոցի մասնաշենքի վնասված տանիքը»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան