Նախօրեին մահացու ելքով վրաերթն իրականացնելու մեջ կասկածվում է հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են երեկ Երեւանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը, ով հանրությանը հայտնի է որպես երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Պարզվել է նաեւ, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երեւանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։

Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաեւ դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։

Երկու վարորդները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ վրաերթից հետո վերեւից սպիտակ գույնի Range Rover-ը մեծ արագությամբ անցել է գետնին ընկած կնոջ վրայով: