Արցախում զինծառայողի՝ աչքի շրջանում ստացած հրազենային վնասվածքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- ասաց նա:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: