Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել իր ծառայակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի ծառայակիցներ,

թողնելով ԱԻՊԾ տնօրենի պաշտոնը, անչափ հպարտ եմ, որ ծառայել եմ Ձեզ հետ և Ձեր աջակցության շնորհիվ իրականություն դարձրել մի շարք ծրագրեր, որոնք, կարծում եմ, անհրաժեշտություն էին և, անշուշտ, կբարձրացնեն մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: Համոզված եմ, որ դրանք շարունակական բնույթ կկրեն, և ծառայությունը կգրանցի նոր հաջողություններ և ձեռքբերումներ:

ԱՀ ԱԻՊԾ աշխատակիցները, իրականացնելով կարևորագույն գործառույթներ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման, հակահրդեհային անվտանգության ապահովման ոլորտներում, միշտ էլ պատվով և պարտքի բարձր զգացումով են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Միայն հստակ, նպատակային և հետևողական աշխատանքի շնորհիվ կնպաստեք կառույցի հետագա զարգացմանը:

Հավատացած եմ և լիահույս, որ Ձեզնից յուրաքանչյուրն այսուհետ ևս իր բոլոր ուժերը կներդնի էլ ավելի բարձր մակարդակով ծառայություն մատուցելու մեր ժողովրդին և պետությանը:

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ համատեղ ծառայության համար և մաղթել ամենայն լավն ու բարին»: