Հունվարից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքի փոփոխությունները լուրջ գլխացավանք են դառնալու նոր իշխանությունների և առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար: Դիտարկենք ընդամենը երկու օրինակ, որոնք կարող են լուրջ գլուխկոտրուկ դառնալ վարչապետի համար՝ նոր ԱԺ կողմից այդ պաշտոնում ընտրվելուց հետո: Հարկային նոր օրենսգրքից առաջին հերթին բարձրաձայն դժգոհեցին ռեստորանատերերը:
 
Նրանք նշում են, որ արդյունքում մի քանի անգամ բազմապատկվել է թե՛ վարչարարությունը, թե՛ հարկային բեռը, միաժամանակ խստացվել են պատիժները։ Արդյունքում նրանք ստիպված են եղել թանկացնել մատուցվող ծառայությունները, իսկ հունվարից հետո գները էլ ավելի կաճեն՝ ռեստորաններին կանգնեցնելով այցելուներին կորցնելու սպառնալիքի առաջ: Որոշ տեղեկությունների համաձայն, ռեստորանների սեփականատերերը փորձում են ինքնակազմակերպվել և հունվարից հետո Նիկոլ Փաշինյանի հարկային բարեփոխումների դեմ պայքարել իր իսկ մեթոդներով՝ փողոցային պայքարով, ճանապարհներ փակելով: Փաշինյանն, իհարկե, քիչ մանևրելու տեղ կունենա, քանի որ հենց այդ պայքարի արդյունքում է եկել իշխանության:
 
Բացի այդ, օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները նախատեսում են հարկային արտոնություններ արտադրության մի շարք ոլորտներում, որոնք կառավարության կողմից սահմանվել են իբրև ռազմավարական. Սակայն պատկերացնենք մի իրավիճակ, երբ մսամթերք արտադրող ընկերությունները ստանում են հարկային արտոնություն, իսկ արտադրության մյուս ոլորտներում ներգրավված ընկերություններն անտեսվում են: Սա նշանակում է, որ լինելու են դժգոհ կողմեր, որոնք չեն զլանա իրենց դժգոհությունը հասցնել կառավարությանը, ստիպելով վերջինիս ընդունել, որ հարկային բարեփոխումները արդյունավետ չէին, ավելին՝ հավելյալ դժվարություններ են առաջացրել գործարարների համար:
 
Ստացվում է՝ հարկային բերեփոխումների քննադատությունը փորձագետների և գործարարների կողմից այնքան էլ անհիմն չէր, իսկ հունվարից հետո ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց հետո նոր օրենսգիրքը կարող է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանին: