«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցության նախագահի նախկին առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:

Հիշեցնենք` իր թիմի մի քանի նախարարի հետ ՀՀԿ-ին անդամագրվելիս Կարեն Կարապետյանը մի քանի պատճառներ էր առանձնացրել, այդ թվում՝ իր կարծիքով, ՀՀԿ-ն փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան է: Այնինչ հիմա կարող ենք պնդել՝ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ում գտնվելը կապված էր միայն զբաղեցրած պաշտոնի հետ, եւ հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանություն չէ, նա հեռանում է կուսակցությունից: Կարապետյանի թիմի անդամներից ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը ՀՀԿ-ին անդամագրվողներից մեկն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել` արդյոք վերջինս նույնպես դուրս է եկել կուսակցությունից կամ նման միտք կա: Պարոն Ալթունյանը խուսափեց պատասխանել մեր հարցին` պնդելով, որ զբաղված է: Սակայն, ըստ հավաստի աղբյուրների` վերջինս չի պատրաստվում դուրս գալ եւ դեռ թավշյա հեղափոխության օրերին ընկերական միջավայրում ասել է, որ չի անի նման բան, որովհետեւ ճիշտ չի համարում ՀՀԿ-ի համար այս ծանր օրերին լքել կուսակցությունը: Փաստորեն նախկին նախարարն ավելի ազնիվ գտնվեց:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: